Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում վարսերը ներկել

Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում վարսերը ներկել

Վարսերը կնոջ արտաքին գրավչության կարևոր բաղադրիչն են: Որոշ կանայք հղիության ընթացքում չեն կտրում և ներկում վարսերը սնահավատության պատճառով: Բացի այդ, հղիության ընթացքում մազերը նույնպես փոփոխությունների են ենթարկվում․ հղիության առաջին ամիսներին արագորեն աճում են շնորհիվ էստրոգեն հորմոնի ազդեցության: Եթե նախկինում չեիք ներկում ձեր վարսերը, ապա հղիությունը փորձարկումների լավագույն ժամանակահատվածը չէ:

Վարսերը ներկելու հարցը դառնում է բազմանշանակ, որովհետև կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն կնոջ, այլև ապագա փոքրիկի վրա: Այս շրջանում սրվում է հոտառությունն ու մաշկի զգայունությունը: Ներկերում պարունակվող քիմիական բաղադրիչները կարող են ալերգիա առաջացնել, եթե նույնիսկ նախկինում այդպես չի եղել: Այդ քիմիական միացությունների թունավոր և քաղցկեղածին հատկություններն ուսումնասիրվել են մի քանի համալսարաններում և քաղցկեղի հետազոտման կենտրոններում: Ներկերի օգտագործումից քաղցկեղի առաջացման վտանգն ավելանում է երեք անգամ: Ներկը պարունակում է թունավոր նյութեր, որոնք թափանցում են օրգանիզմ մաշկի և շնչառական ուղիների միջոցով: 

Ի՞նչ ներկ ընտրել

Իհարկե, ավելի լավ կլինի օգտագործել բնական ներկանյութեր կամ այնպիսիք, որոնք ներկելու ընթացքում չեն արտադրում թունավոր նյութեր (երանգ հաղորդող շամպուններ և բալզամներ): Այժմ տեսնենք, թե որոնք են այդ վտանգավոր նյութերը։

  • Ջրածնի պերօքսիդ։ Կիրառվում է վարսերը գունաթափելու համար: Կարող է գրգռել քթի, աչքերի լորձաթաղանթը: 
  • Ռեզորցինոլ։ Կարող է առաջացնել իմունային համակարգի խանգարումներ, թունավոր ազդեցություն ունենալ մաշկի վրա: Կարող է ներկելուց հետո գլխամաշկին հետքեր թողնել: 
  • Պարաֆենիլէնդիամին։ Կայունացուցիչ է, ամրապնդում է ներկման ազդեցությունը: Կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա: Որոշ երկրներում այն արգելված է: Դրա խտությունը չպետք է գերազանցի 6%-ը: Առավելագույն խտությամբ պարունակվում է մուգ գույներում, իսկ բաց երանգներով ներկերում՝ մինչև 2%: 
  • Ամոնիակ՝ խիստ թունավոր նյութ, որը կարող է առաջացնել աչքերի լորձաթաղանթի և շնչառական ուղիների գրգռում: Մեծ խտությամբ ներշնչելուց կարող է առաջացնել թոքերի թունավոր այտուց և նյարդային համակարգի ծանր ախտահարում: Վարսերը ներկելիս ամոնիակն ունի ինչպես կուտիկուլան (նրբամաշկը), այնպես էլ մաշկի ծակոտիները բացելու հատկություն: Դրանց միջոցով էլ տեղի է ունենում թունավոր նյութերի ներթափանցում օրգանիզմ: Առանց ամոնիակի պարունակության ներկերը պակաս վտանգավոր չեն, քանի որ պարունակում են ամոնիակի փոխարինիչներ:

Նաև պետք է հաշվի առնել, որ հղի կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնային խիստ փոփոխություններ, որոնք նաև ազդում են վարսերի կառուցվածքի վրա: Այդ ընթացքում ներկելը կարող է անկանխատեսելի արդյունքերի հանգեցնել․ ներկը կարող է լավ չմնալ վարսերի վրա, գունաթափող նյութը կարող է վարսերին մանուշակագույն երանգ հաղորդել և այլն:

Վարսերին մուգ գույն հաղորդելու համար ավելի խելամիտ է ընտրել բնական ներկանյութեր: Գոյություն ունի օրգանական ներկում, որն իրականցվում է 95-100% բնական բաղադրիչներ պարունակող ներկերով: Դրանք հիմնականում հանդիպում են թանկարժեք սրահներում: Բացի այդ, կարելի է օգտվել ավանդական հինայից, բասմայից կամ դրանց խառնուրդից: Հինան հակացուցումներ չունի: Այն հիպոալերգիկ է: Հղիության և կրծքով կերակրման շրջանում վարսերը հինայով ներկելու անվտանգությունը հաստատված է բժիշկների կողմից:

Մի քանի խորհուրդ

Եթե այնուամենայնիվ որոշել եք ներկել վարսերը քիմիական ներկով, ապա փորձեք հետևել որոշ կանոնների։

  • Խուսափեք ներկել վարսերը հղիության առաջին եռամսյակում, երբ պտղի օրգանները նոր են ձևավորվում: 
  • Վարսերի շերտաներկումը հնարավորություն կտա խուսափել ներկի՝ գլխամաշկի հետ շփումից: 
  • Ավելի լավ է վարսերը ներկել մոտ երանգներով, որպեսզի հետագայում այդ գործընթացն իրականացվի ոչ հաճախակի: 
  • Անհրաժեշտ է լավ օդափոխել սենյակը և ներկելիս կրել դիմակ:

Հակացուցումներ

Ներկը կիրառելուց առաջ անհրաժեշտ է անցկացնել ալերգիայի վտանգը որոշող թեստ, քանի որ, ինչպես արդեն նշվել է, հղիության ընթացքում ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ, եթե նույնիսկ նախկինում երբեք այդպես չի եղել: Եթե կինն ունի գեստոզ, ապա ավելի լավ է հրաժարվել ներկումից:

Ի՞նչ վտանգներ ունի պերմանենտը (վարսերի քիմիական գանգրացում, ուղղում)

Հորմոնային փոփոխությունների պատճառով սա կարող է ունենալ կարճաժամկետ արդյունք կամ առհասարակ կարող է չազդել: Պերմանենտը կարող է վտանգավոր լինել պտղի զարգացման համար, քանի որ պարունակում է քիմիական լուծույթներ, որոնք, շփվելով գլխամաշկի հետ, ներթափանցում են արյունատար անոթներ: Այս գործընթացն ավելի լավ է իրականացնել երեխայի ծնվելուց հետո:

Ի վերջո, յուրաքանչյուր կին ինքն է որոշում ինչպես և ինչ նյութեր կիրառի վարսերի համար, սակայն պետք է հաշվի առնել, որ խնամված և գրավիչ տեսք ունենալու ձգտումը չպետք է վնասի փոքրիկին: Ապագա մայրիկներն իրենց որոշումները պետք է ընդունեն՝ առաջնորդվելով իրենց զգացողություններով, բայց և հաշվի առնելով մասնագետների ու բժշկի խորհուրդները:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար