Ալերգիան և հղիությունը

Ալերգիան և հղիությունը

Ժամանակակից աշխարհի պայմաններում նույնիսկ առողջ մարդը ոչ միշտ է կարողանում պահպանել առողջությունն ու ուժերը, իսկ հղի կնոջ համար դա ավելի դժվար է, քանի որ նրա օրգանիզմն ստիպված է երկուսի համար աշխատել: Ի դեպ, եթե նախորդ դարը համարվում էր սրտանոթային հիվանդությունների դար, ապա մեր դարն ալերգիաների դարն է:

Ալերգիան իմունային համակարգի ժառանգական հիվանդություն է, որի դեպքում ի հայտ է գալիս գերզգայունություն տարատեսակ նյութերի հանդեպ:

Հիվանդության պատճառներն ու զարգացման մեխանիզմները

Ժառանգական ալերգիա ունեցող մարդկանց բջիջներում ալերգենների հետ շփումից հետո կուտակվում են ռեագիններ՝ հատուկ սպիտակուցներ, որոնք միանում են մարդու օրգանիզմի մաստոցիտ բջիջներին: Երբ այդ սպիտակուցների քանակը բջիջներում մեծանում է, առաջանում է ալերգիկ ռեակցիայի արտահայտման պատրաստակամություն: Այնուհետև ալերգենը հայտնվում է օրգանիզմում, որում կուտակվել են ռեագիններ, և մաստոցիտ բջիջներն անմիջապես սկսում են արտադրել մեդիատորներ՝ միջնորդանյութեր: Դրանք կարող են լինել հիստամիններ, լեյկոտրիեններ, անաֆիլաքսիայի նյութեր և այլն: Հենց դրանք են ալերգիկ ռեակցիաներ առաջացնում մարդու տարբեր օրգաններում: Ալերգիայի ժամանակ առաջանում է օրգանների վնասում, կարմրություն, ֆունկցիայի խանգարումներ, այտուցվածություն, քոր և ցավ: Կարող է առաջանալ շնչառության խանգարում, ծանր դեպքերում՝ անոթների ուժեղ լայնացում և ճնշման անկում:

Հիվանդության ախտանշանները

Ալերգիայի արտահայտումը լինում է տեղային և ընդհանուր: Տեղայինը ներառում է ռինիտ, աչքերի կարմրություն, արցունքահոսություն, շնչառության դժվարացում, ականջաբորբ (օտիտ), լսողության նվազում, մաշկի կարմրածություն, քոր, ցան և այլն: Ընդհանուր ախտանշանները տեղայինի համադրությունն են: Օրինակ՝ միաժամանակ քոր, շնչառության դժվարացում, ցան և այլն: Եթե ախտանշանները վառ արտահայատված են, այդ վիճակը կոչվում է անաֆիլակտիկ շոկ:

Հիվանդության ախտորոշումը

Ինքնուրույն։ Ալերգիայի առկայությունը և դրա առաջացման պատճառները կարելի է փորձել որոշել ինքնուրույն: Անխոս, դա կարելի է անել նախքան բժշկի գնալը, բայց եթե չի ստացվել կամ կասկածում եք, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել լաբորատոր հետազոտություններ:

Դեղատներում վաճառվում են հատուկ թեստեր: Դրանց օգտագործման սկզբունքը շատ հեշտ է, անհրաժեշտ է մի փոքր արյուն կաթեցնել թեստի վրա և որոշ ժամանակ անց արդյունքները համեմատել թեստի հետ տրվող աղյուսակի տվյալների հետ: Այսպիսի հետազոտությունը շատ հարմար է: Եթե ձեր դեպքում ալերգիան հատուկենտ սննդատեսակների հանդեպ է, ապա դա կարող է բացահայտվել միայն լաբորատոր հետազոտության միջոցով: Ալերգիայի առաջացման պատճառը կարելի է փորձել պարզել տրամաբանությամբ: Փորձեք հիշել, թե ինչ սնունդ եք օգտագործել ախտանշանների ի հայտ գալուց առաջ, ունեցե՞լ եք արդյոք շփում կենդանիների հետ կամ փոխե՞լ եք կոսմետիկ պարագաները: Փորձեք բացառել այդ գրգռիչ գործոնները, և եթե ալերգիայի ախտանշաններն անհետանան, ապա վերադարձրեք ալերգենը: Ալերգիկ ռեակցիայի առաջացման դեպքում վստահ կարող եք լինել, որ տվյալ ալերգենն էր պատճառը:

Եթե հակված եք ալերգիաների, ապա սննդի օրագիր պահեք: Գրանցեք դրանում բոլոր մթերքները, որ ուտում եք և օրգանիզմի ռեակցիան դրանց հանդեպ: Այդպես դուք ավելի հեշտ կկարողանաք հասկանալ, թե կոնկրետ ինչն է պետք բացառել: Հարկ է նշել, որ եթե նույնիսկ ինքնուրույն եք բացահայտել ալերգիայի պատճառը, միևնույնն է բուժում պետք է նշանակի մասնագետը:

Եթե ինքնուրույն չի հաջողվում բացահայտել ալերգենը, դիմեք բժշկի, ով կնշանակի լաբորատոր հետազոտություն: Պետք չէ ձգձգել դա, քանի որ ալերգիան կարող է վերածվել քրոնիկական ձևի:

Բժշկի օգնությամբ։ Բժշկության մեջ ալերգիայի որոշման համար օգտագործվում են հատուկ մաշկային թեստեր: Լաբորատոր պայմաններում հիվանդի մաշկի վրա դնում են տարատեսակ նյութեր և փոքր քերծվածքներ են անում, որպեսզի այդ նյութերը ներթափանցեն ներս: Կա մեկ այլ տարբերակ, երբ ալերգենը ներմուծում են օրգանի վրա, որը դրա ազդեցությանն է ենթարկվել: Այս մեթոդը կոչվում է շոկային: Օրինակ՝ ալերգիկ ռինիտի դեպքում ալերգենը կաթեցվում է քթի մեջ, իսկ կոնյուկտիվիտի դեպքում՝ աչքի: Եթե հիվանդն ունի սննդային ալերգիա, ապա նրան տալիս են մեծ քանակությամբ այն սննդից, որը կարող էր առաջացնել ալերգիա, այնուհետև կատարվում է արյան հետազոտություն՝ լեյկոցիտների քանակությունը որոշելու համար: Այդ կերպով կարելի է հաստատել կամ բացառել տարատեսակ մթերքների հանդեպ ալերգիան: Այդպիսի հետազոտություն կարելի է ացկացնել բացառապես բժշկի հսկողության ներքո, որպեսզի նա կարողանա շտապ օգնություն ցուցաբերել ուժեղ ալերգիկ ռեակցիաների առաջացման պարագայում:

Ալերգիան վտանգավո՞ր է հղիության ընթացքում

Օրգանիզմի ռեակցիան շրջակա նյութերի հանդեպ կարող է փոփոխվել հղիության ընթացքում: Օրինակ՝ եթե նախքան հղիությունը կինն առանց որևէ խնդրի նարինջ էր ուտում, ապա հղիության շրջանում չի կարողանում ուժեղ ալերգիկ ռեակցիաների առաջացման հետևանքով։   

Հղիության ընթացքում շատ կանայք են ստիպված լինում վերանայել շրջակա միջավայրի ալերգենների իրենց ցանկը: Նախկինում անհանգստություն չպատճառած ալերգենները շատ են՝ կենդանու մորթին, փոշին կամ սննդատեսակները: Այդ փոփոխությունը տեղի է ունենում, որովհետև հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը ենթարկվում է հորմոնային փոփոխությունների: Դրանք ակտիվորեն ազդում են իմունային համակարգի վրա և ճնշում են դրա ֆունկցիան: Դա տեղի է ունենում, որպեսզի ապագա երեխան վտանգի չենթարկվի, քանի որ նրան մայրիկի օրգանիզմը կարող է մերժել ինչպես օտարածին մարմնի:

Իմունային համակարգի ճնշման պատճառով հղի կնոջ օրգանիզմն ավելի զգայուն է դառնում ալերգիանների հանդեպ: Այդ պատճառով նույնիսկ նրանք, ովքեր երբեք ալերգիաներ չեն ունեցել, կարող են զգալ դրա ախտանշանները ցանի, քթային արտադրության, այտուցների և նույնիսկ ասթմայի տեսքով: Ալերգիան ինքնին վտանգավոր չէ կնոջ համար, եթե ուժեղ ռեակցիաներ չի առաջացնում: Բայց նույնիսկ դրա թույլ արտահայտումները հյուծում են կնոջ օրգանիզմը, ինչը կարող է վատ անդրադառնալ պտղի վիճակի վրա: Առողջ և ուժեղ երեխա ունենալու համար մայրիկը նույնպես պետք է առողջ լինի:

Բժիշկները պնդում են, որ ալերգիաները ոչ մի կերպ չեն կարող ազդել պտղի վրա, քանի որ անտիգենները չեն կարող ընկերքի միջով անցնել ու ներթափանցել փոքրիկի օրգանիզմ: Սակայն դեղորայքային միջոցներով ալերգիան բուժելու դեպքում անհրաժեշտ է այնուամենայնիվ խորհրդակցել բժշկի հետ:

Ալերգիայի բուժումն ու կանխարգելումը

Ալերգիայի առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անել հետևյալը։

  1. Ամբողջությամբ հրաժարվել ալերգենային մթերքներից և անցնել խիստ սննդակարգի: Հղիության ընթացքում հաճախ ալերգիկ ռեակցիա են առաջացնում այն սննդանյութերը, որոնք նախկինում ալերգիա չեն առաջացրել:
  2. Ալերգենների հետ շփումը հասցնել նվազագույնի:
  3. Դիմել բժիշկ-ալերգոլոգի կամ իմունոլոգի, որպեսզի նա, հաշվի առնելով հղիությունը, նշանակի համապատասխան բուժում:

Կարելի է փորձել ինքնուրույն ազատվել ալերգիկ ռեակցիաներից: Այդպես, ալերգիկ ռինիտի դեպքում կարելի է կիրառել աղային սփրեյ: Աչքերի անհանգստացնող քորից կարելի է ազատվել սառը ջրով կոմպրես տեղադրելով: Հղի կնոջ դեպքում ալերգիայի ախտանշանները, օրինակ քթի փակվելը, կարող են առաջանալ նաև ալերգենների փոխազդեցությունից զատ: Գլխավորը ոչ մի դեպքում չընդունեք հակահիստամինային միջոցներ առանց բժշկի նշանակման, քանի որ ինչ դեղ էլ լինի, այն կարող է անդրադառնալ փոքրիկի զարգացման վրա:

Հղի կինը ալերգիաներից խուսափելու համար պետք է վերանայի իր սննդակարգը և հանի որոշ մթերքներ, օրինակ՝

  • տապակած, ապխտած և կծու մթերքները,
  • ծովամթերքներն ու խավիարը, 
  • հավկիթները, 
  • կետչուպը, մայոնեզը, 
  • թթուները, բողկը, թրթնջուկը, 
  • սնկերն ու ընկուզեղենը, 
  • ցիտրուսային մրգերը, սեխն ու ձմերուկը, 
  • գազավորված ըմպելիքները, 
  • քաղցրավենիքը:

Կարելի է սննդակարգում ներառել թարմ կաղամբ, կաթնամթերք, ճագարի, գառան միս, դդում և դդմիկ: Այսուհանդերձ ապագա մայրիկը չպետք է վատ սնվի, քանի որ իր և իր փոքրիկի համար կարևոր է անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր ստանալը: Պարզապես անհրաժեշտ է բարձր աստիճանի ալերգիկ սնունդը սահմանափակել և հետևել սննդամթերքների հանդեպ օրգանիզմի ռեակցիային:

Ալերգիաների կանխարգելման համար անհրաժեշտ է անցկացնել տան ամենօրյա խոնավ մաքրում, գորգերի և կահույքի մաքրում, հաճախակի փոխել սպիտակեղենը և օդափոխել սենյակները: Եթե փակ տարածքներում օդը չոր է, կարելի է օգտագործել օդը խոնավացնող հատուկ սարքեր: Եթե կինն ունի ալերգիաներ բուսականության հանդեպ, ապա կարելի է կրճատել զբոսանքները դրանց ծաղկման շրջանում: Պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր հղի կին, անկախ նրանից՝ ունի ալերգիաներ, թե ոչ, պետք է վարի առողջ ապրելակերպ, հեռու մնա վարակներից, ճիշտ սնվի, չընդունի իրեն չնշանակված դեղորայք:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար