Սեռական կյանք․ ինչի՞ց են վախենում կանայք

02.06.201531506

Յուրաքանչյուր կին էլ հավանաբար կյանքի ինչ-որ շրջանում մտածել է, թե ինչն է պատճառը, որ սեռական ակտից չի ստանում այն հաճույքը, որի մասին երազել է: Փորձենք միասին պարզել, թե որոնք են թյուր պատկերացումների ու չարդարացած սպասումների պատճառները:

Գլխավոր խնդիրը, որի պատճառով կանայք հաճախ սեռական հաճույք չեն ստանում, անձնական վախերն են: Այո, սեքսը անսպասելի դաշտ է՝ լի անակնկալներով: Միայն այն փաստը, որ այլ օրգան է ներթափանցում կնոջ մեջ, արդեն սթրեսային է նրանց օրգանիզմի և հոգեկանի համար: Իսկ որո՞նք են այդ վախերը, որոնք խանգարում են իրական հաճույք ստանալուն և որոնք կարող են դառնալ սեռական լուրջ խնդիրների պատճառ:

Ես կատարյալ չեմ

Սեռական հարաբերության ժամանակ կնոջ ամենագլխավոր վախը տղամարդու առաջ առաջին անգամ մերկանալն է: «Աստված իմ, մեջքիս կորյակներ են առաջացել, իսկ հետույքի ցելյուլիտը, բիկինիի շրջանում կիսատ արված էպիլյացիան …» և այլն: Այն վախը, որ տղամարդը հետազոտելու է ձեր մարմինը մանրամասնորեն, հնարավորություն չի տալիս ձեզ հանգստանալ, թուլանալ և տրամադրվել հաճույք ստանալուն: Այդ պատճառով «սիրային գիշերվա» ընթացքում մշտապես փորձում եք գեղեցիկ դիրքով պառկել, մազերը մի կողմ հավաքել, ինչպես նկարներում է լինում, որովայնը ներս քաշել, մի խոսքով, ամբողջ ընթացքում սեքսի փոխարեն զբաղվում եք այլ բաներով:

Իրականում այն պահին, երբ վերջապես հայտնվել եք տղամարդու անկողնում, նրա համար գրեթե միևնույնն է, թե ձեզ մոտ ինչն այն չէ: Նրա հակվածությունը ձեր հանդեպ, իհարկե, հիմնված է ձեր արտաքին գրավչության վրա, բայց նա չի գնահատում ձեր յուրաքանչյուր միլիմետրը, այլ ցանկանում է ձեզ ընդհանուր և ամբողջությամբ՝ ձեր արժանիքներով և թերություններով: Այնպես որ, դադարեք վերլուծել ձեր «կատարյալ չլինելը» և փոխարենը վայելեք ձեր սիրեցյալի հետ սեռական հարաբերության կատարելությունը: Մի՛ ամաչեք ձեզնից, եթե տղամարդն ընտրել է ձեզ, ուրեմն դուք լիովին բավարարում եք նրան:

Ես ոչինչ չեմ կարողանում

Ձեր տղամարդու առաջ ձախողվելու վախն անդրադառնում է մարմնի ազատության վրա: Թվում է, թե չեք կարողանա հաճույք պատճառել սիրելիին, որովհետև չեք կարողանում կամ չեք ցանկանում անել այս կամ այն բանն անկողնում: Օրինակ, եթե ձեզ «մասնագետ» չեք համարում օրալային սեքսում, կամ երկար ժամանակ հարաբերություն չեք ունեցել և «մոռացել եք ամեն բան»:

Իրականում մեր կյանքի ընթացքում բոլորս էլ որոշակի փորձ ենք ձեռք բերում, բայց պետք չէ մոռանալ ամենակարևորը, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն եզակի է: Գոյություն չունի որոշակի սխեմա, թե ինչպես և ինչ է անհրաժեշտ անել: Ամեն ինչ ի հայտ է գալիս ինքնաբերաբար, երբ սիրահարները ցանկանում են միմյանց և պատրաստ են փոխադարձ հաճույք պատճառել: Հնարավոր է, որ ձեր նախորդ զուգընկերը պարզապես խելագարվում էր որոշ բաներից, սակայն մեկ ուրիշին կարող է դուր գալ լրիվ այլ բան: Թուլացեք և փորձեք զգալ դիմացինի ցանկությունները: Եթե նույնիսկ որևէ բան այնպես չընթանա, նա անպայման կհուշի ձեզ, թե ինչ ուղղությամբ է պետք շարժվել։

Նա ինձ չի սիրում

Սեռական հարաբերությունից հետո չսիրված և լքված մնալու զգացողությունը լուրջ արգելք է հաճույք ստանալու ճանապարհին: Իհարկե բոլորն էլ ցանկանում են, որ սեռական հարաբերությունը անմիջական կապ ունենա ավելի խորը հոգևոր հարաբերությունների հետ, զգացմունքների, փոխադարձ հարգանքի ու սիրո, բայց միշտ չէ, որ այդպես է լինում: Երբեմն սեքսը պարզապես սեքս է: Իսկ դա գիտակցելը ցավալի է և վիրավորական․․․ Նաև վախենալու:

Իրականում, եթե արդեն հայտնվել եք տղամարդու հետ մի անկողնում, ապա իմաստ չկա վերլուծել հուզական հետևանքները: Այսպես, թե այնպես դրանք անկանխատեսելի են: Եթե նույնիսկ սիրով զբաղվելուց հետո ձեր հարաբերությունները չփոխակերպվեն երկարատև սիրավեպի, դրան վերաբերվեք որպես հաճելի արկածի: Այո, տղամարդիկ իսկապես ավելի հաճախ են սեքսով զբաղվում սեքսի համար, քան կանայք։

Եթե ես մի բան անեմ այսպես, նա կորոշի, որ ես այսպիսինն եմ

Լինում է, որ կինն ունենում է իր կրքերն ու պատկերացումները, որոնք, իր կարծիքով, մի փոքր ամոթալի են: Օրինակ՝ հնարավոր է, որ ձեզ դուր գա սեքսի ժամանակ տղամարդու կոպիտ պահվածքը կամ ձեր ականջին լկտի արտահայտություններ շշնջալը: «Իսկ եթե նա կարծի, որ այլասերված եմ»,-մտածում են կանայք և դրանով վերջ դնում իրենց «սիրային կարիերային»:

Իրականությունը: Եղեք հետևողական: Իհարկե, առաջին սիրային գիշերվա ընթացքում պետք չէ տղամարդու առաջ բացահայտել ձեր բոլոր էրոտիկ երևակայությունները: Եվ ամենեվին ոչ նրա համար, որ նա կարող է դա սխալ ընդունել և ձեզ խելագարի տեղ դնել, այլ պարզապես այն պատճառով, որ նախ պետք է հարմարվեք միմյանց և հասկանաք, թե արդյոք համապատասխանում եք միմյանց խառնվածքով և կրքոտությամբ: Եթե այո, ապա համարձակորեն ասեք ձեր ցանկությունների մասին: Սեքսի նպատակը միմյանց հաճույք պատճառելն է, տղամարդը միայն ուրախ կլինի ձեր ուղղակի «խորհուրդները» լսելուց:

Ես կվիրավորեմ նրան 

Տղամարդուն վիրավորելու վախը ստիպում է կնոջը «դիմանալ»: Օրինակ՝ տղամարդն ընտրել է շատ արագ տեմպ, իսկ դուք լուռ ենթարկվում եք՝ կարծելով, որ գուցե նրան վիրավորեք, ավելի լավ է ոչինչ չասել: Ի վերջո ձեզանից ոչ ոք իրական հաճույք չի ստանում:

Իրականում այն, ինչ իսկապես կարող է վիրավորել տղամարդուն, հեշտանքի (օրգազմի) կեղծումն է, ձեր լարվածությունը և ակտից հետո պատուհանի մոտ սառը դեմքով ծխելը: Պետք չէ մտածել, որ տղամարդը կույր է և չի կարողանում տեսնել սեքսի ժամանակ ձեր տանջանքները: Այդ պատճառով, եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ցավոտ է, անհարմար, տհաճ, միանգամից հայտնեք դրա մասին: Իհարկե, պետք չէ կտրուկ արտահայտվել, ասեք նրբորեն, բայց հստակ:

Իսկ եթե հանկարծ…

Ապագան վտանգավոր է: Ի՞նչ կլինի, եթե հանկարծ հարաբերությունների ժամանակ պահպանակը պատռվի, ոտքը ոլորվի, առաստաղն ընկնի կամ աշխարհի վերջը գա: Ոչ, ավելի լավ է չսկսեք մտածել, թե չէ հանկարծ…

Իրականում, եթե վախենում եք չպլանավորած հղիությունից, սեռավարակներից կամ սեքսի ժամանակ անհարմարությունից, դա լիովին տրամաբանական է: Այնպես որ, որպեսզի չփչացնեք սիրով զբաղվելու երջանկությունը, նախապես եղեք զգոն: Կիրառեք պահպանակներ կամ բեղմնականխիչ այլ միջոցներ, իսկ եթե վախենում եք ֆիզիկական անհրամարությունից, կարող եք օգտագործել հատուկ քսուքներ և հանգստացնող գելեր: Հասուն կինը պետք է նախապես մտածի իր հարմարավետության մասին, որպեսզի սեքսի ժամանակ մտածի միայն սեքսի մասին: