Արգանդի տոնուսը հղիության ընթացքում. ախտանշանները (մաս 2)

Արգանդի տոնուսը հղիության ընթացքում. ախտանշանները (մաս 2)

Կարդացեք՝ Արգանդի տոնուսը հղիության ընթացքում (մաս 1)

Ինչպե՞ս կարելի է ինքնուրույն որոշել արգանդի տոնուսը: Սա այնքան էլ դժվար չէ, քանի որ հղիության ընթացքում արգանդի տոնուսի նշանները հիմնականում պարզ և հասկանալի են լինում: Հղիության վաղ շրջանում արգանդի տոնուսի ախտանշաններն են որովայնի ստորին հատվածի ծանրությունը, ձգող ցավերը, ինչպես լինում է դաշտանի ժամանակ, երբեմն ցավերը տարածվում են դեպի գոտկային կամ սրբանային հատված:

Հղիության երկրորդ եռամսյակում ախտանշանները գրեթե նույնն են, բայց ավելի տեսանելի՝ որովայնը սեղմված է, կոպտացած, արգանդը կարծես քարացած լինի: Հիմնականում յուրաքանչյուր կին կարողանում է տարբերել իր արգանդի տոնուսի բարձր կամ նորմալ լինելը:

Որոշ դեպքերում այն արտահայտվում է կպչուն արյունային արտադրության տեսքով: Դա լուրջ նախազգուշացնող ախտանշան է, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել և փորձել հանգիստ մնալ: Ժամանակին ցուցաբերված օգնության դեպքում հիմնականում հաջողվում է հղիությունը պահպանել:

Արգանդի տոնուսի ախտորոշումը

Գոյություն ունեն արգանդի հիպերտոնուսի բժշկական ախտորոշման մի քանի եղանակ: Հիմնականում դա տեսանելի է լինում սովորական գինեկոլոգիական զննման ընթացքում, իսկ առհասարակ ամենատարածված մեթոդը ուլտրաձայնային հետազոտութույնն է: Այն ցույց է տալիս արգանդի մկանունքի վիճակը: Մասնավորապես հենց ՈւՁՀ-ն է թույլ տալիս հայտնաբերել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են արգանդի հետին կամ առաջային պատի 1 կամ 2 աստիճանի տոնուսը: Խնդիրն այն է, որ արգանդի որևէ պատի տոնուսը արտահայտվում է նրա ձևի փոփոխությամբ, իսկ աստիճանն անմիջականորեն կախված է նրանից, թե որ պատին է ամրացած պտուղը: Գոյություն ունեն նաև հատուկ սարքեր, որոնք չափում են արգանդի տոնուսը: Այնինչ դրանք լայն տարածում չունեն, քանի որ իրականում տոնուսը որոշելը հեշտ է, իսկ ահա դրա պատճառը գտնելը՝ ոչ այնքան:

Արգանդի հիպերտոնուսի բուժումը

Ի՞նչ է անհրաժեշտ անել այս ախտորոշումը լսելուց հետո: Նախ և առաջ անհրաժեշտ է լսել բժշկի խորհուրդները: Բուժման ընտրությունը կախված է արգանդի տոնուսի աստիճանից և առաջացման պատճառներից: Եթե դրա առաջացումը կապված չէ որևէ լուրջ խնդրի հետ, ապա բուժումն անցկացվում է ամբուլատոր պայմաններում:

Կանանց խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ, բժիշկը դուրս է գրում սպազմոլիտիկներ՝ նո-շպա կամ պապավերին: Հաճախ նշանակվում է նաև մագնե B6, պտուղ-ընկերքային արյան շրջանառությունը լավացնող դեղամջոցներ և այլն: Սրանք այն միջոցներն են, որ կիրառվում են հղիության ընթացքում արգանդի տոնուսի կարգավորման համար, ինչպես նաև կարող են նշանակվել այլ դեղամիջոցներ դրա պատճառի վերացման համար:

Եթե խնդիրը պրոգեստերոնի անբավարարությունն է, ապա կնոջը նշանակում են դրա պարունակությամբ դեղորայք: Եթե պատճառը արական հորմոնների ավելցուկն է, ապա նշանակվում են դրանց անտիպոդներ: Տոքսիկոզի դեպքում արվում է հնարավոր ամեն բան վիճակը մեղմելու համար, իսկ եթե աղիների հետ է կապված, անհրաժեշտ է նվազեցնել գազերի առաջացումը: Իրեն հատուկ բուժումն ունեն նաև ռեզուս- կոնֆլիկտը և մնացած այլ խնդիրները:

Եթե արգանդի տոնուսը ոչ մի կերպ չի կարգավորվում, կամ վիճակը գնալով լրջանում է, ապա կպահանջվի կնոջ բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում: Հիվանդանոցում կինն արդեն չի կարող խախտել անկողնային ռեժիմը, ինչը չի կարելի ասել տանը գտնվելու մասին: Բացի այդ, հիվանդանոցում բժիշկները կարող են ավելի մանրամասնորեն հետևել մոր և պտղի վիճակին, իսկ տոնուսի ուժգնացումը կարող են ժամանակին կանխել՝ խուսափելով վաղաժամ ծննդաբերությունից: Այստեղ անհրաժեշտ է մի ճշտում մտցնել, թե ինչու է հղիության 28-րդ շաբաթից սկսած խոսք գնում հենց վաղաժամ ծննդաբերության մասին, եթե այդ ժամկետներում պտուղը դեռ ամբողջությամբ հասունացած չէ: Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս փորձել պտղի կյանքը փրկել հենց հղիության 28-րդ շաբաթից: Դա լավագույն ելքը չէ, միշտ ավելի նախընտրելի է հնարավորինս երկարացնել հղիության ընթացքը: Այդպես, եթե հղիության 26-րդ շաբաթում արգանդի տոնուսը դրդում է ծննդաբերության, ապա բժիշկներն ամեն կերպ փորձում են կանգնեցնել այն: Այդ նպատակներով անցկացվում է տոկոլիտիկ թերապիա, այսինքն համապատասխան սխեմայով և դեղամիջոցներով հանգստացնում են արգանդի լարվածությունը: Շատ կարևոր է այդ գործընթացը ժամանակին սկսելը, քանի որ այդ ժամկետներում պտուղը կարող է չփրկվել: Այդ պատճառով է կարևոր կնոջը հոսպիտալացնելը: Իսկ ահա 36-38-րդ շաբաթներում այդ վիճակն արդեն այնքան վտանգավոր չի լինի: 28-րդ շաբաթից հետո էլ առաջնահերթ անհրաժեշտ է փորձել պահպանել հղիությունը:

Լինում են դեպքեր, երբ կինը չի ցանկանում տեղափոխվել հիվանդանոց և գուցե պատճառն ավագ երեխաներն են կամ աշխատանքը կորցնելու վախը, տնային հոգսերը և այլն: Ցավոք, այստեղ հստակ խորհուրդներ տալ հնարավոր չէ, քանի որ ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից: Ցանկացած դեպքում պետք է հասկանալ, որ հիվանդանոցում ավելի ճիշտ կլինի օգնություն ցուցաբերել, իսկ դրանից հրաժարվելով՝ կինը վտանգի է ենթարկում դեռ լույս աշխարհ չեկած իր փոքրիկին:

Կանխարգելումը

Հիպերտոնուսը կանխարգելելը շատ հեշտ է: Հարկավոր է առաջին հերթին խուսափել ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սթրեսից: Կարևոր է նաև ճիշտ սնվելը և օրվա ռեժիմը պահպանելը՝ քնել և արթնանալ գրեթե նույն ժամին: Ամբողջական հանգիստը և լավ քունը մեծ դեր ունեն:

Առանձին պետք է նշել վնասակար սովորությունների մասին․ ալկոհոլի օգտագործումը կամ ծխախոտը, որոնք ոչ միայն բացասական ազդեցություն են ունենում արգանդի տոնուսի վրա, այլև առհասարակ հանգեցնում են լուրջ խնդիրների: Դրանցից պետք է հրաժարվել դեռ հղիության պլանավորման փուլում:

Կարևոր դեր ունի գինեկոլոգի մոտ մշտական այցելությունը, որը թույլ կտա կանխարգելել կամ ժամանակին վերացնել խնդիրը: Հատկապես, եթե կինը վտանգի խմբում է, խիստ կարևոր են բոլոր հետազոտությունները, ՈՒՁ հետազոտությունը, ինչպես նաև նեղ մասնագետների այցելելը, իսկ ամենագլխավորը՝ քիչ անհանգստանալն է: Եթե նույնիսկ բախվել եք այս խնդրին, առավել ևս չպետք է խուճապի մատնվեք: Հիմնականում հաջողվում է հղիությունը պահպանել: Անհանգստությունը ոչ մի կերպ չի օգնի վիճակի բարելավմանը:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…