Ազոոսպերմիան և բեղմնավորման հավանականությունը

Ազոոսպերմիան և բեղմնավորման հավանականությունը

Ազոոսպերմիան տղամարդու անպտղության ծանր ձևերից է, որի դեպքում սերմնահեղուկում բացակայում են սերմնաբջիջները, կամ դրանց քանակությունը չնչին է: Տվյալ պաթոլոգիան լուրջ խնդիրներ է առաջացնում կամ առհասարակ անհնար է դարձնում հղիանալը: Տղամարդու անպտղության 2%-ի պատճառը ազոոսպերմիան է: Դրա ախտորոշման ամենագլխավոր դժվարությունն այն է, որ հիվանդության ի հայտ գալուն զուգահեռ սերմնաժայթքում շարունակում է տեղի ունենալ, այդ պատճառով տղամարդը չի կասկածում հիվանդության մասին, և այն բացահայտվում է բացառապես լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

Ազոոսպերմիայի տեսակները

Օբստրուկտիվ (արգելակող) բնույթի ազոոսպերմիան առաջանում է, երբ խանգարվում է սերմնատար ուղիների անանցանելիությունը: Այս տեսակի դեպքում տղամարդու սպերմագրամայում հիմնային ֆոսֆոտազան, ֆրուկտոզան և սերմնահեղուկի ծավալը բնական են, բայց սպերմատոգեն բջիջները բացակայում են: Այդ դեպքում ամորձու չափսն ու ձևը փոփոխված չեն լինում, ընդ որում՝ էպիդիդիմիսը (սերմնարանի հավելում), որի պատճառով է առաջանում սերմաբջիջների ելքի խցանումը, մեծացած է լինում և այտուցված: Որոշ հիվանդների սերմնածորանը կարող է առհասարակ բացակայել: Այդ դեպքում սպերմագրամայում սերմնահեղուկի ծավալը նվազում է, pH-ը թթվային է լինում, ֆրուկտոզան բացակայում է: Եթե զննման ընթացքում սերմնածորանները շոշափվում են, ուրեմն խցանումը սերմնաբշտերի շրջանում է:

Բնածին օբստրուկտիվ ազոոսպերմիայի պատճառները ներքին և արտաքին սեռական օրգանների զարգացման խանգարումներն են: Ոչ բնածինի դեպքում այսպիսի պաթոլոգիա կարող է զարգանալ բորբոքման, տարատեսակ վնասվածքների արդյունքում, ինչպես նաև սեռական օրգաններում վիրահատական միջամտությունների հետևանքով:

Ոչ օբստրուկտիվ՝ սեկրետոր (արտազատիչ) ազոոսպերմիա առաջանում է ամորձու ֆունկցիայի խանգարման հետևանքով, որի ժամանակ սերմնաբջիջներ չեն արտադրվում: Այս տեսակի ազոոսպերմիայի դեպքում սերմնատար ուղիների անցանելիությունը խանգարված չէ, բայց ամորձիները մասնակի կամ ամբողջությամբ կորցրել են արտազատիչ ֆունկցիան: Արտաքին զննումը ցույց է տալիս, որ ամորձին չափսերով փոքրացած է: Արտազատիչ ֆունկցիայի կորստի աստիճանը որոշելու համար կատարվում է ամորձու նմուշառում, որը թույլ է տալիս ստանալ նմուշներ ամորձու տարբեր հատվածներից և ուղարկել հիստոլոգիական հետազոտության: Ձեռքբերովի սեկրետոր ազոոսպերմիան առաջանում է այնպիսի հիվանդությունների հետևանքով, ինչպիսիք են ամորձաբորբը, մակամորձու բորբոքումը (էպիդիդիմիտ) կամ վարիկոցելեն, ինչպես նաև  առաջանում է քիմիական կամ լուսաթերապիայի հետևանքով:

Գործոններ, որոնք հանգեցնում են ազոոսպերմիայի զարգացման՝

  • նախկինում տարած սիֆիլիս,
  • քիմիական ազդեցություններ, ճառագայթահարում, ալկոհոլի չարաշահում,
  • գենետիկական շեղումներ,
  • սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ,
  • հորմոնային խանգարումներ (երկրորդային հիպոգոնադիզմ, երբ նվազում է արական գլխավոր հորմոնի՝ տեստաստերոնի արտադրությունը), 
  • որոշակի դեղորայքի ընդունում, օրինակ՝ հակաբիոտիկների, ստերոիդների, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող դեղամիջոցների,
  • հետադարձ սերմնաժայթքում (երբ սերմնահեղուկն առնանդամում հայտնվելու փոխարեն լցվում է միզապարկ):

Ինչպե՞ս է կատարվում ազոոսպերմիայի ախտորոշումը

  • Բժշկական զննում: Բժիշկը որոշում է ավելորդ մազակալությունը, քաշի ավելացումը, շոշափում է ամորձին՝ ձևը և չափսերը ստուգելու համար, անցկացնում է շագանակագեղձի և այլ օրգանների ռեկտալ հետազոտություն: 
  • Արյան լաբորատոր հետազոտություն՝ արյան ընդհանուր, կենսաքիմիական և հորմոնների հետազոտություն: 
  • Ամորձու նմուշառում: Բարակ ասեղի օգնությամբ բժիշկը փոքր անցք է բացում ամորձապարկի վրա ամորձու հյուսվածքից հետազոտության նմուշ վերցնելու համար: Այն ուղարկվում է լաբորատորիա հիստոլոգիական հետազոտության, որի արդյունքները թույլ են տալիս որոշել, թե արդյոք ամորձին արտադրում է անհրաժեշտ ծավալով և առողջ սերմնահեղուկ: 
  • Գենետիկական հետազոտություն անոմալ գեների բացահայտման համար, որոնք կարող էին խանգարում առաջացնել տղամարդու վերարտադրողական համակարգում: 
  • Մագնիսառեզոնանսային շերտագրում (ՄՌՇ), որն անցկացվում է հիպոֆիզի հետազոտության համար անպտղության այլ ձևեր հայտնաբերելու նպատակով:
  • Ամորձիների դուպլեքս սկանավորում, որի օգնությամբ որոշվում է ամորձապարկի երակների վիճակը (առավել հաճախ վարիկոցելեյի ախտորոշման նպատակով)։
  • Ուլտրաձայնային հետազոտություն, որը կատարվում է տրանսռեկտալ եղանակով ուռուցքային կամ այլ փոփոխությունների հայտնաբերման նպատակով: Այս հետազոտությունը նույնպես կիրառվում է վարիկոցելեյի ախտորոշման ժամանակ:
  • Սպերմագրամա, որը սերմնահեղուկի հետազոտությունն է վերարտադրողական ֆունկցիան ստուգելու համար: 
  • Հետէակուլյացիոն մեզի հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել մեզում սերմնաբջիջների առկայությունը: Դա խոսում է սերմնատար ուղիների անանցանելիության կամ սերմնաժայթքման խնդիրների մասին:

Ազոոսպերմիայի բուժումը

Ազոոսպերմիայի բուժումը կախված է դրա առաջացման պատճառներից: Բուժումը կարող է լինել պահպանողական (դեղորայքային թերապիա), երբ սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման համար նշանակվում են հակաբիոտիկներ, հորմոնային ֆոնի շտկման համար՝ հորմոնային դեղամիջոցներ, կամ օպերատիվ միջամտության տեսքով, որը կիրառվում է վարիկոցելեյի կամ սերմնատար ուղիների անանցանելիության բուժման նպատակով: Ներկայում գոյություն ունեն վիրահատական մի շարք միջոցներ, որոնց նույնպես կարելի է դիմել՝

  • TESE (testicular sperm extraction) ամորձուց սերմնաբջիջների էքստրակցիա,
  • MESA (microsurgical epididymal sperm aspiration) մակամորձուց սերմի միկրովիրաբուժական ասպիրացիա,
  • PESA (percuataneous epididymal sperm aspiration) մակամորձուց սերմի ասպիրացիա մաշկի միջոցով:

Կանխատեսումներ

Ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի դեպքում տղամարդու սեփական երեխաներ ունենալու հավանականություն գրեթե չկա: Հավանաբար դոնորական սերմնաբջջի կարիք կլինի: Իսկ օբստրուկտիվ տեսակի դեպքում հավանականություն կա, եթե սերմնատար ուղիների անանցնալեիությունը վերակակնգնվի։ Կարող են կիրառվել արհեստական բեղմնավորման միջամտություններ, ինչպիսիք են՝ ԱՄԲ կամ ԱՄԲ ՍՆՑՆ-ով (սերմնաբջիջների ներցիտոպլազմայի ներարկում):

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: